Ճանաչենք դաշտերի ուտելի կանաչիները

Եղինջ-տարածված է Հայաստանի բոլոր մարզերում։ Աճում է լեռնային, տափաստանային, անտառային գոտիներում, գետահովիտներում, խոնավ վայրերում և այլն։ Դեղաբույս է։ Պատրաստուկներն օգտագործում են որպես միզամուղ, խորխաբեր, հակաբորբոքային, արյունահոսությունը դադարեցնող, վերքերն ապաքինող միջոց։ Երիտասարդ ընձյուղներն օգտագործում են սննդի մեջ։ Տերևներից ստանում են կանաչ ներկ, ցողուններից՝ թել, որից պատրաստում են կոպիտ գործվածք, պարան և այլն։ Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները, ծաղիկներն ու արմատը։ Տերևները մթերում են բույսի ծաղկման ժամանակ, հնձում գերանդիով, թողնում, որ թառամի, որից խայթը հիմնականում կորչում է, այնուհետև չորացնում բացօթյա, լավ քամահարվող տեղում։ Չոր հումքը մուգ կանաչ գույնի է, ունի թույլ հոտ, դառը համ։ Այն պահում են տուփերի մեջ, 2 տարի տևողությամբ։ Արմատը հանում են աշնանը, չորացնում արևի տակ և պահում պարկի մեջ։ 10 կգ թարմ տերևներից ստացվում է 2-3 կգ չոր հումք։

Оставьте комментарий