Լսողության խանգարում

Ականջի բազմաթիվ հիվանդությունների ախտանշաններից է լսողության խանգարումը, ուստի ճիշտ ախտորոշելու նպատակով շատ կարևոր է լսողության ստուգումը, որով կարելի է որոշել ոչ միայն լսողության սրությունը և նվազման աստիճանը, այլև ականջի ախտահարված մասը։ Լսողությունն ստուգում Են տարբեր մեթոդներով, ամենից հաճախ՝ շշուկով կամ հնչյունով, ինչպես նաև կամերտոնով (գործիք, որն արձակում է վայրկյանում որոշակի թվով տատանումներ)։ Լսողությունն ավելի ստույգ որոշվում է հատուկ ապարատների՝ լսաչափերի (աուդիոմետր) միջոցով։ Վերջին տարիներին ավելի լայնորեն կիրառվում է լսողության հետազոտության նոր մեթոդ՝ պատկերընկալ լսաչափություն (համակարգչի օգնությամբ)։ Մեթոդը հիմնված է ականջում ի պատասխան ձայնի առաջացող լսողական նյարդի կենսահոսանքների գրանցման վրա։ Պատկերընկալ լսաչափության մեթոդով լսողության հետազոտումը հատկապես կարևոր նշանակություն ունի վաղ մանկական տարիքում։

Оставьте комментарий